Նոր Նորքի ոստիկանների բացահայտման հետքերով․ թմրամիջոց իրացնողներ են ձերբակալվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոր Նորքի քրեական հետախույզները օրեր տևած միջիցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Դրանք իրացրին սեպտեմբերի լույս 6-ի գիշերը։ Քրեական հետախույզները Ֆանարջյան փողոցում հայտնաբերեցին ու թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքում ապրող մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յոթ փաթեթ դեղնականաչավուն մանրացված-ճորացված զանգված՝ ընդհանուր 39 գրամից ավելի քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք մարիխուանա են։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բերման ենթարկվածը թմրամիջոցը գնել էր Երևանի մի բնակչից` վերավաճառելու նպատակով։ Տղամարդը ձերբակալվեց։
Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին նաև նրան թմրամիջոցը վաճառած 29-ամյա երիտասարդին։ Նա ևս ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նա էլ իր հերթին թմրամիջոցը գնել է այլ անձից։ Ըստ հիմնավոր տեղեկությունների՝ այդ անձը ապրում է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում։ Նոր Նորքի քրեական հետախույզները 29-ամյա երիտասարդին հայտնաբերեցին հենց Վարդանաշենում։ Նախքան նրան բերման ենթարկելը իրավապահները զննեցին գյուղի շինություններից մեկը, քանի որ տեղեկություններ ունեին, որ կասկածյալն այնտեղ թմրամիջոց է թաքցրել։ Հայտնաբերվեց և առգրավվեց կանեփանման զանգված։ Երիտասարդն էլ բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: