Նոր Նորքի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել
Օգոստոսի 9-ի առավոտյան գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Նանսենի անվան թանգարանի տարածքից գիշերը գողացել էին արույրե երկու արձան:
Դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեց տեղազննություն, անհրաժեշտ այլ գործողություններ, իսկ քրեական հետախույզները մշակեցին վարկածներ, որոնցից ամենահավանականն էլ վերցվեց որպես ուղեցույց: Արձանները արվեստի բացառիկ նմուշներ չէին, սակայն նյութը` պղնձի համաձուլվածքը, հուշում էր, որ արձանները գողացվել էին մասնատելու և մետաղի ջարդոնի կետ հանձնելու համար: Վարկածը շուտով հաստատվեց:
Նոր Նորքի քրեական հետախույզներին օգնության հասան նաև ոստիկանության Երևան քաղաքի գործընկերները, և օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են երկու հոգի` առանց մշտական բնակության վայրի 44-ամյա և Կոտայքի մարզի Քասախ գյուղում հաշվառված 49-ամյա տղամարդիկ:
Օգոստոսի 13-ի ցերեկը մայրաքաղաքում հայտնաբերվեց հաշվառում չունեցողը, իսկ օգոստոսի 15-ի գիշերը նույն ճակատագրին արժանացավ քասախցին: Երկուսն էլ ձերբակալվեցին ու ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմին:
Գողոնը հայտնաբերվեց, ընդ որում՝ ամբողջական էր միայն մեկ արձանը: Մյուսն արդեն մասնատել ու հանձնել էին մետաղի ջարդոնի ընդունման կետ, մեկ այլ կետում էլ հայտնաբերվեցին արձանի կտորները: Եվ սա ամբողջը չէր: Իրավապահները հայտնաբերեցին նաև բջջային հեռախոսների ու աքսեսուարների մի ողջ պահեստ: Հետագա գործողություններով պարզվեց, որ դրանք էլ գողացված են: Այդ մի հափշտակության վերաբերյալ ահազանգը ստացվել էր օգոստոսի 10-ին: Առավոտյան ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնում վաճառակետերից մեկի տերը տվել էր հաղորդում, որ գիշերը մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի իր խանութից գողացել են բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: