Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում է: Հերթականը Շիրակի մարզի գումարատակի պարեկների բացահայտումներն են։
Նրանք Գյումրու Խորենացու փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել 22-ամյա մի երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ։
Գյումրու Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելիս Շիրակի պարեկները կանգնեցրել են 52-ամյա մի տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը գրպանից մեքենայի մեջ է նետել մարիխուանայով փաթեթ։ Նա ձերբակալվել է։
Շիրակի պարեկները Գյումրու Մուշ 2 թաղամասում ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով հայտնաբերել ու, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 23-ամյա վարորդին և 3 ուղևորներին։ 30-ամյա ուղևորը մեքենայի տակ թմրամիջոցով փաթեթ է նետել, իսկ բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթ և կանեփի սերմեր։ Մարիխուանայով փաթեթ է հայտնաբերվել նաև 33-ամյա ուղևորի խուզարկությամբ։
Շարունակելով ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումը՝ Շիրակի պարեկները Գյումրու կայարանամերձ հրապարակում կանգնեցրել են 37-ամյա մի տղամարդու վարած «Մերսեդես» մակնիշի մեքենան։ Վարորդը մեքենայից մոխրացած հետքերով կաթուցիչ է նետել։ Նա ձերբակալվել է։
Ջիվանու փողոցում Շիրակի պարեկները ձերբակալել ու բաժին են տեղափոխել նաև 26-ամյա մի երիտասարդի. նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթ և կաթուցիչ։
Գյումրու Թեհլերյան փողոցում ծառայություն կատարելիս Շիրակի պարեկները մոտեցել են «Սիատ» մակնիշի մի մեքենայի, որի տակ նկատել են թղթե փաթեթներ։ Նրանք ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են 3 տղամարդու, որոնցից մեկի հայտնածով՝ փաթեթներն իրենն են, իսկ մյուսի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով փաթեթ։
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։