Շնորհանդես ՀՀ ոստիկանությունում․ շրջանառության մեջ կդրվի «Ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմայով նամականիշ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշով, մատնահետքերի տեսքով «100-ամյակ» գրությամբ ու եռագույնով․ Հայոց պետականության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության հիմնադրման 100-ամյակի թեմայով նամականիշն է։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։
Նամականիշի օրինակներն այլևս ստորագրված են ու կնիքված։ Այն 30.000 օրինակով տպագրվել է ֆրանսիական «Քարտոր» տպագրատանն ու «Հայփոստ» ընկերության կողմից դրվել շրջանառության մեջ։
ՀՀ ստիկանության պետն իր ելույթում շնորհակալություն հայտնեց բոլորին, որոնք ներդրում են ունեցել այս տպավորիչ նախաձեռնության կյանքի կոչմանը։ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ նախաձեռնությունը կնպաստի ոստիկանություն-հասարակություն կապի էլ ավելի ամրապնդմանը ոչ միայն Հայաստանաում, այլև հայկական սփյուռքում։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն իր ելույթում կարևորեց ոստիկանության դերն ու նշանակությունը Հայաստանի պետաիրավական համակարգի կայուն ու բնականոն գործունեության և կատարելագործման մեջ։ «Նամականիշի գոյության փաստն ինքնին հատկանշական է նրանով, որ դրանցից յուրաքանչյուրը կոչված է ևս մեկ անգամ ապացուցելու կայացած պետականությունը»,- նշեց Հակոբ Արշակյանը։