ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Ոսկետափ գյուղի կամրջի մոտ

Հուլիսի 14-ին, գիշերվա ժամը չորսն անց տասնհինգին, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություն էր ստացվել Շենգավիթի գործընկերներից, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա, ըստ նախնական տվյալների, վնասվածքը ստացել էր Արարատի մարզում։
Արարատի բաժնից հիվանդանոց մեկնած քրեական հետախույզներին հաջողվում է պարզել դեպքի կոնկրետ վայրը։ Երիտասարդը վնասվածքը ստացել էր Ոսկետափ գյուղի կամրջի մոտ: Պարզվում է նաև, որ կենցաղային հարցերի շուրջ մի խումբ անձանց միջև վեճ էր եղել։ Շուտով հայտնի է դառնում նաև մասնակիցների շրջանակը, այդ թվում՝ տուժողին դանակահարողի ինքնությունը. Այգավան գյուղի բնակիչ էր, 32 տարեկան: Նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելիս Արարատի ոստիկանները համագործակցում են ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների հետ: Կեսօրից քիչ անց նրան հայտնաբերում ու ձերբակալում են: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է:
Վեդիի քննչական բաժնում առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: