Ոստիկանները պարզել են սպանություն կատարողի ինքնությունը
07.11.2013 18:57
Սպանություն

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին ահազանգ ստացվեց. զանգահարել էր Նոր Նորքի Դ. Մալյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ սպանություն է կատարվել: Սպանվածը 1971թ. ծնված Աննա Ստեփանյանն էր` ահազանգողի դուստրը, որին հայրը տանը հայտնաբերել էր մահացած:
Ահազանգից րոպեներ անց օպերատիվ-քննչական խմբերն արդեն դեպքի վայրում էին: Դիակի արտաքին զննությամբ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվեցին սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներ` դանակի 19 հարված:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ շուտով պարզվեց, որ սպանությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Մխիթար Հերացու փողոցի բնակիչ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը նույն օրը, ժամը 21.10-ին, դեպքից անմիջապես հետո, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Մոսկվա:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոբերտ Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին:



`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: