Ոստիկանները բացահայտել են Մալաթիայում կատարված ավազակային հարձակման դեպք (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, անհայտ անձինք մտել են Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի տարածք ու երկաթե ձողով հարվածներ հասցրել աշխատակցի գլխին՝ հափշտակելով նրա մոտի գումարն ու բջջայինը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համատեղ հետախուզակաան միջոցառումներով, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։ Ապրիլի 4-ին հայտնաբերվել և ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 21-ամյա Նարեկ Մանուկյանը, 26-ամյա Նորայր Մանուկյանն ու 20-ամյա Աղասի Չախոյանը։ Դեպքի և բացահայտման մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: