Ոստիկանները բերման էին ենթարկել խարդախության և շորթման կասկածանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խարդախությունն ու շորթումը, լինելով տարբեր հանցատեսակներ, որոշ դեպքերում կարող են և ընդհանուր եզրեր ունենալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հանցավորի և տուժողի միջև առկա վստահելի հարաբերությունների օգտագործմանը:
Օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում արձանագրվածն այս մասին էր. ոչ միայն չարաշահել էին տուժողի վստահությունը, այլև շորթել:
Փետրվարի 27-ին մի կին ոստիկանությունում հաղորդում տվեց, որ փետրվարի 3-ից 22-ը, տարբեր ժամանակահատվածներում, իր ծանոթ ոմն Արտակ աշխատանքի տեղավորելու պատրվակով իրենից պահանջել և ստացել է ընդհանուր 780 հազար դրամ: Իսկ աշխատանքի ոչ միայն չի տեղավորել, այլև օրեր անց պահանջել է 600 հազար դրամ` իրենց ինտիմ լուսանկարները հարազատներին չուղարկելու, չհրապարակելու համար:
Մշակվեց օպերատիվ հետախուզական միջոցառումների պլան: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողները:
Փոխգործակցության արդյունքում պարզվեց, որ ոմն Արտակը Երևանի Զաքյան փողոցի բնակիչ Արամ Խաչատուրյանն է:
Քրեական հետախույզները, փորձաքրեագիտական վարչության ծառայողների հետ, կատարեցին փողերի մշակում:
Տուժողը 600 հազար դրամը պայմանավորված վայրում պետք է հանձներ Խաչատուրյանին: Հանդիպման վայրը Տիգրան Մեծի պողոտայում էր: Ոստիկաները դարանակալեցին:
Կասկածյալին պետք էր տեսադաշտում պահել: Իրավապահներից մի քանիսն աչք չէին կտրում նաև տուժողից: Գումարը տվեց...
Երեկ իրադրության տերն էր, այսօր` գումարի, ու մտքով չէր անցնում, որ հանգամանքներն այդքան շուտ կշրջվեն:
Քրեական հետախույզներն Արամ Խաչատուրյանին բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին:
Ամեն ինչ հաշվի էր առել, բացառությամբ երկու հանգամանքի` նախ այն, որ տուժողը ոստիկանություն կդիմի, և երկրորդ, որ իրավապահներն այդքան հմուտ կգործեն:
Փաստի առթիվ քրեական օրենսգրքի խարդախության և շորթման հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Միջոցառումներ են ձեռնարկվում բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: