Ոստիկանների օպերատիվ արձագանքի շնորհիվ կանխվեց վեճի հնարավոր ողբերգական հանգուցալուծումը
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության և Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 1-ին գումարտակի ոստիկանները, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն ու Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել չորս անձի՝ կանխելով վիճաբանության հնարավոր ողբերգական հետևանքները։ Դեպքի վայրի զննությամբ եղևնու տակ հայտնաբերվել է հրազեն, որն առգրավվել է։ Ատրճանակի օրինականությունը ճշտվում է: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ են ստացել ատրճանակի տիրոջ ինքնության վերաբերյալ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: