Ոստիկանության բարեփոխումներին նվիրված համաժողովն ավարտեց աշխատանքը
Նոյեմբերի 27-ին ոստիկանության բարեփոխումներին նվիրված երևանյան միջազգային համաժողովը շարունակեց իր աշխատանքը:
Համաժողովի երկրորդ օրը բաղկացած էր երեք բաժնից:
«Ոստիկանության հաշվետվողականությունը և թափանցիկությունը» խորագրի ներքո զեկուցողներն անդրադարձան ոստիկանության հաշվետվողականության հասկացությանը, հաշվետու և թափանցիկ ոստիկանություն ձևավորելու կարևորությանը, ոստիկանության հանդեպ ներքին և արտաքին վերահսկողություն իրականացնող մարմինների գործունեությանը:
ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր ելույթում ներկայացրեց խորհրդարանական վերահսկողության հիմնախնդիրները:
Ոստիկանության հաշվետվողականության ու թափանցիկության ոլորտում Հայաստանի փորձին, մասնավորապես՝ նոր ձևավորված կարգապահական հանձնաժողովի գործունեությանը, հակակոռուպցիոն ծրագրերին և ներքին վերահսկողության կազմակերպմանն անդրադարձավ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրին ներկայացրեց կենտրոնի դերը հաշվետվողականության և բարեվարքության զարգացման հարցում:
Զեկույցներում արծարծված խնդիրների քննարկումից հետո համաժողովի մասնակիցներն անցան երկրորդ բաժնին, որը նվիրված էր ոստիկանական կրթության հիմնախնդիրներին: Քննարկվեցին այնպիսի կրթական համակարգի ձևավորման կարևորությունն ու անհրաժեշտությունը, որտեղ ոստիկանության աշխատակիցները կստանան ժամանակի պահանջներին համապատասխանող պատրաստություն:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի գլխավոր խորհրդական Նեվենկա Տոմիչն իր զեկույցում անդրադարձավ մասնագիտական կրթության հիմնարար նշանակությանը ժամանակակից ոստիկանական ծառայության ձևավորման գործում:
Այս բնագավառում Հայաստանի փորձը ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական զարգացման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, վրացական փորձը՝ Վրաստանի ակադեմիայի զարգացման և միջազգային համագործակցության բաժնի պետ Միխեիլ Գելաշվիլին:
«Հանրային վստահությունը ոստիկանության նկատմամբ» բաժնում հիմնական քննարկման թեման էր ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հարցում համայնքային ոստիկանության նշանակությունը:
Զեկույցներով հանդես եկան ԵԱՀԿ Քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարկո Կուբնին, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը: Ոստիկանության հանդեպ հանրային վստահության վերաբերյալ հարցումների արդյունքները ներկայացրեց «Կրիմինոլոգների հայկական ասոցիացիայի» նախագահ Աննա Մարգարյանը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի, ԵԱՀԿ Քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարկո Կուբնիի, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրիի, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի պատասխանատու Լիլիան Շալառուի ամփոփիչ ելույթներով ոստիկանության բարեփոխումներին նվիրված երևանյան միջազգային համաժողովն ավարտեց իր աշխատանքը: