Ոստիկանությունը փնտրում է խարդախից տուժածներին
Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 11 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Ե.-ին: Նա խոստովանել է, որ նոյեմբերին, գնելու և գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ոմն Ավոյից խաբեությամբ վերցրել է «Հունդայի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հաջորդ օրը ինքնարժեքից անհամեմատ ցածր գնով վաճառել է այլ անձանց:
Նույն ամսին ոմն Աշոտից վերցրել է «ՎԱԶ-2107», ոմն Գևորից` «ԳԱԶ-3110», ոմն Սուրոյից` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց գազի բալոնները և ձայնարկիչները վաճառելուց հետո ավտոմեքենաները, դարձյալ ինքնարժեքից ցածր գներով, վաճառել է այլ անձանց: Նույն ձևով մի տաքսի ծառայությունից վերցրել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենա, որի գազի բալոնը վաճառել է այլ անձի:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, 1955 թ. ծնված Սամվել Ե.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 21-ին Գարիկ Ե.-ն իրեն պատկանող «Հունդայի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները գնելու պատրվակով, մեկ շաբաթվա ընթացքում 65.000 դրամ գումար վճարելու պայմանով, իր տան դիմացից, առանց իր գիտության և համաձայնության, վերցրել և մի քանի օր անց ավտոմեքենաները վաճառել է այլ անձանց` պատճառելով 8.500 դոլարի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գարիկ Ե.-ի արարքներից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: