Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16.09.2015 18:10
Համակարգի լրատու
Սեպտեմբերի 15-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
SKYPE ծառայությանը նամակով դիմած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ կորած նույնականացման քարտի փոխարեն նորը ստանալու կարգին: Պարզաբանվեց գործող կարգը:
Հայաստանում գտնվող քաղաքացին հայտնում էր, որ 1994 թվականին ընտանիքով մեկնել է Եվրոպա: 2012 թվականին նրանց արտաքսել են Հայաստանի Հանրապետություն: Ներկայումս չունեն անձը հավաստող որևէ փաստաթուղթ և այլ երկրի քաղաքացիություն: Զանգահարողը ցանկանում էր տեղեկանալ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կարգին: Պարզաբանվեց գործող կարգը, համաձայն որի` վերջինիս դիմումը նախևառաջ պետք է քննարկվի ՀՀ քաղաքացի ճանաչելու շրջանակներում, քանի որ նա հանդիսացել է նախկին ԽՍՀՄ քաղաքացի: Միաժամանակ պատրաստակամություն հայտնվեց` նրա կողմից տարածքային անձնագրային ծառայություն դիմում ներկայացնելուց հետո համապատասխան հարցումներ կատարել` հիմք հանդիսացող փաստաթղթային տվյալներ ստանալու համար:
Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ մայրը ՌԴ քաղաքացիություն ստանալիս նոտարական կարգով հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Վերջինս ցանկանում էր հավաստիանալ` մայրը հանդիսանո՞ւմ է ՀՀ քաղաքացի, թե` ոչ: Նրան պարզաբանվեց ՀՀ օրենսդրության պահանջները, համաձայն որի` այլ անձի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս անհրաժեշտ է տվյալ անձի գրավոր համաձայնությունը: Միաժամանակ, պարզաբանվեց ՀՀ օրենսդրության պահանջը, համաձայն որի` այլ երկրի քաղաքացիություն ընդունելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցման. ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է ոչ թե նոտարական կարգով, այլ ՀՀ Նախագահի հրամանագրով:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: