Որ մեր անտառները չնահանջեն...
16.11.2012 18:40
Համակարգի լրատու
Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության ձեռնարկած միջոցառումները մեծ արձագանք եւ, ինչու չէ, մեծ աղմուկ են հարուցել: Արձագանքը դրական է՝ կշտամաբանքի որոշակի երանգով. «Վաղո՜ւց էր պետք սկսել...»: Իսկ աղմո՜ւկը...
Ժողովրդական խոսք է. «Կացնի կոթը անտառիցն է»: Աղմկողներն ա՛յ այս «կացնի կոթերն» են, որոնք իրենց ու յուրայինների գրպանից այն կողմ չեն տեսնում: Եվ ահա ոստիկանությունն իր օրինական եւ օրինապահ գործողություններով այդ գրպաններին է խփում, սրանք էլ աղմկելով փորձում են մարդկանց համոզել, թե հիշյալ գործողություններն ուղղված են գյուղացու դեմ...
Սխալվո՜ւմ են: Միամիտ չեն մարդիկ, ու ստի ոտերն էլ կարճ են: Ոստիկանությունը, որ գյուղացուն հրացան է տալիս ու կողքին էլ կանգնում, որ ունեցվածքը գայլից պաշտպանեն, որ ճանապարհային ոստիկանին հրահանգում է աջակցել իր բերքը վաճառքի տանող հողագործին, որ ծանրագույն հանցագործություն է դիտում անասնագողությունը եւ այդպես էլ պայքարում անասնագողերի դեմ, հիմա հանկարծ գյուղացուն զրկո՜ւմ է իր անտառից...
Գյուղացո՛ւն չի զրկում, «կացնի կոթերի՛ց» է փրկում: Որովհետեւ անտառից օգտվելն ու անտառն օգտագործելը տարբեր բաներ են: Գյուղացին իսկապես օգտվում է. նրա վառելիքն էլ է անտառից, ցանկապատն էլ, գոմի դուռն էլ...
Ոստիկանության պայքարն անտառն օգտագործողների՛ դեմ է, անխնա, թշնամու պես օգտագործողների, ծառ մորթողների դեմ է: Անտառը գյուղացունն է, սրանցը չէ, որ անտառի մահը շահ ու եկամուտ են դարձրել:
Եվ ոստիկանությունը շարունակելու է իր գործողությունները, որպեսզի սրանք չլափեն անտառը: Հետեւողական ու անխնա է շարունակելու` բանի տեղ չդնելով գյուղացու իբր պաշտպանների գոռում-գոչյունը, որովհետեւ գիտի՝ որտեղից են աճում այդ մե՜ծ «գյուղացիասիրության» ականջները:
Այդ ականջներից բռնած պետք է արեւերես հանել անտառի մահվան բոլոր «շահառուներին», որովհետեւ այլեւս այսպես շարունակել չի կարելի:
Կորուստները կանխելու ճանապարհին ոստիկանությունն արել է իր քայլը եւ ակնկալում է, որ բոլոր պատկաններն ու պատասխանատուները նույնպես քայլ կանեն: Ավելին՝ ոստիկանությունն արդեն երկրորդ քայլն էլ է արել՝ ոստիկանության պետի հրամանով՝ Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեմ պայքարում իրենց չարդարացնելու համար պաշտոններից ազատվել ու կադրերի ռեզերվում են գրանցվել ոստիկանության մի շարք ծառայողներ:
Իսկ միտումով ու անմիտ աղմկողներին ասենք՝ իզուր մի վատնեք ձեզ. գյուղացին հրաշալի տարբերում է բարեկամին ու չարակամին, գիտի՝ ով է պաշտպանում եւ ով է սպանում իր անտառը, ու հաստատ մինչեւ վերջ ոստիկանության համախոհն ու դաշնակիցն է լինելու տանիքավոր տականքների դեմ այս պայքարում: