Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքում, Շիրակում ու Տավուշում․ բացահայտվել են հանցագործության դեպքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։ Այս համատեքստում օգոստոսի 4-ին Գեղարքունիքի ոստիկանները ստուգման են ենթարկել 200-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով կասկածի տեղիք են տվել։ 55 վարորդ վարչական պատասխանատվության է ենթարկվել երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Տարբեր կասկածանքներով, ինչպես և հանրային վայրերում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու և ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար Գավառի, Սևանի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի բաժիններ բերման է ենթարկվել 20 անձ։
Ուժեղացված ծառայության ընթացքում Գեղարքունիքի ոստիկանները բացահայտել են հանցագործության դեպքեր, հայտնաբերել՝ անհետ կորած համարվող մեկ անձի։
Օգոստոսի 4-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև Շիրակի ոստիկանները։ Նրանք ստուգման են ենթարկել 131 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 50 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Տարբեր կասկածանքներով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 30-ից ավելի անձ։ Նախկինում դատապարտված 26 անձի հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ, ստուգվել են 20-ից ավելի բնակության հասցեներ։
Տավուշի ոստիկանների իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում էլ ոստիկանության Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 9 անձ։
Ոստիկանության Իջևանի բաժին է բերվել երկու, Տավուշի բաժին՝ երեք հանցավոր հեղինակություն, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 49 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։
Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները պարբերական են։