ՀՀ ոստիկանության պետի ուղերձը շրջանավարտներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սիրելի շրջանավարտնե՛ր:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմի անունից և անձամբ շնորհավորում եմ ձեր և յուրաքանչյուրիս կյանքում եզակի իրադարձության` «Վերջին զանգի» օրվա առթիվ:
Դուք ավարտում եք դպրոցը, ինքնուրույն կյանք եք մտնում, որտեղ ձերն է որոշումներ կայացնելու իրավունքը, բայց և լիովին ձերն է պատասխանատվության ծանրությունը:
Մաղթում եմ, որ ձեր որոշումները լինեն հավասարակշռված ու դիպուկ, իսկ պատասխանատվությունը` արժանապատիվ և արժանի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:
Մաղթում եմ, որ քայլը, որն այսօր անում եք, ձեզ հասցնի նախանշված նպատակներին, և այս օրը ձեր ողջ կյանքում հիշվի որպես լուսավորի, բարու, հաղթանակի ծննդյան օր:
Երջանիկ, ամուր ու նպատակասլաց եղեք, որովհետև ձեր ջանադիր ու հետևողական ինքնակատարելոգործումից են կախված մեր երկրի գալիք հաջողությունները, ձեր կայացումով է պայմանավորված այն տեղն ու դերը, որ կունենա Հայաստան պետությունն աշխարհում:
Սիրելի շրջանավարտնե՛ր:
Մաղթանքներիս հետ ընդունեք նաև հորդորս. հենց այսօրվանի՛ց ձեզ դրսևորեք որպես երկրի տեր ու քաղաքացի, հենց այսօ՛ր` ձե՛ր օրը եղեք կարգապահության օրինակ, զերծ մնացեք համակեցության կանոնների խախտումներից, բացառեք ամենաչնչին իրավազանցությունն անգամ, որպեսզի «Վերջին զանգի» այս օրը լուսավոր ու տոնական մնա ձեր ու բոլորիս հիշողության մեջ:
Կրկին շնորհավորում եմ ու բարի ճանապարհ, սիրելի շրջանավարտնե՛ր: