Չեզոքացուցիչի գողություն և փորձեր մայրաքաղաքում. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը
Հոկտեմբերի 14-ին Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, որ բաժնի սպասարկման տարածքում երկու հոգի թանկարժեք մեքենաների վրայից հանում, տանում են չեզոքացուցիչներ: «Կատալիզատոր» անվամբ ավելի հայտնի այդ մասի գողությունը հազվագյուտ բան չէ, էականն այն էր, որ հափշտակությունները կատարվում էին օրը ցերեկով, հենց փողոցում:
Տեղեկությունն արագ ստուգվեց ու հաստատվեց: Պարզվեց նաև, որ այդ երկու հոգին պատրաստվում են մտնել նաև այլ թանկարժեք մեքենաների տակ: Մշակվեց ծրագիր. որոշում կայացվեց նրանց բռնել հենց գործի վրա: Հոկտեմբերի 14-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Դավիթ Անհաղթի փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին 36 և 44 տարեկան երկու տղամարդ: Հետագա քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվեցին «Մերսեդեսի» անվահեցի կափարիչ, դանակ, հարթաթուղթ, մետաղի էլեկտրական սղոց և ավտոմեքենայի չեզոքացուցիչ: «Տոյոտայինը» չէր. ոստիկանների արագ գործողությունների շնորհիվ «Տոյոտայից» գողությունը մնացել էր միայն փորձ: Հայտնաբերված մասը րոպեներ առաջ տղամարդիկ հանել էին Դավիթ Անհաղթի փողոցում կայանված «Լեքսուսից»` տիրոջը պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս: Իսկ հայտնաբերված սղոցը, ըստ նախնական տվյալների, հանցագործության հիմնական գործիքն էր:
Իրավապահների հետագա գործողություններով պարզվեց, որ նույն ժամին տղամարդիկ փորձել էին գողանալ Ուլնեցու փողոցում կայանված մեկ այլ «Լեքսուսի» չեզոքացուցիչը: Տերը նկատել էր, որ մեկը ինչ-որ գործիքով մտել է իր մեքենայի տակ, մոտեցել էր, բայց տղամարդը փախել էր` քար նետելով մեքենայատիրոջ ուղղությամբ:
Դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ հոկտեմբերի 17-ին, դատարանի որոշմամբ, կալանավորվել են:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: