Պարեկային ծառայության թեմայով հանդիպումներ Տավուշի մարզում
Ապրիլի 27-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ներկայացուցիչներն ու պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հանդիպումներ ունեցան Տավուշի մարզի բնակիչների հետ: Իջևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում կայացած հանդիպումների ընթացքում քաղաքացիներին ներկայացվեցին պարեկային ծառայության գործառույթները, պարեկների վերապատրաստման և ընդունելության վերաբերյալ տեղեկատվություն: Ոստիկանության ներկայացուցիչները նշեցին, որ ամիսներ անց Տավուշի մարզում կսկսի գործել պարեկային ծառայություն: Եվ այդ ստորաբաժանումում ծառայության անցնելու համար ներկայացրին անհրաժեշտ պայմաններն ու պատասխանեցին քաղաքացիների հարցերին: Ավագ պարեկ Սեյրան Ալեքսանյանն ու կրտսեր պարեկ Լուսինե Պետրոսյանը խոսեցին իրենց ծառայության առանձնահատկությունների մասին և ցուցադրեցին ծառայության ընթացքում օգտագործվող տեխնիկան: Տավուշի մարզի գյուղական համայնքներում հանդիպումների ընթացքում հիմնական հարցերը վերաբերում էին համայնքներում ծառայության կազմակերպմանը: Պարեկային ծառայության Շիրակի և Լոռու մարզերում գործող ստորաբաժանումների օրինակով ներկայացվեցին համայնքներում ծառայության կազմակերպման մանրամասներ: Հանդիպումների ընթացքում պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանումում ծառայության անցնելու համար ցանկություն հայտնած քաղաքացիներին տրվեց համապատասխան տեղեկավություն:
Հիշեցնենք, որ ամիսներ անց Տավուշի մարզում կսկսի գործել պարեկային ծառայություն: Պարեկային ծառայության Տավուշի գումարտակում ծառայել ցանկացողները կարող են դիմումները ներկայացնել ոստիկանության կրթահամալիր՝ մինչև ապրիլի 29-ը ներառյալ: