Կոտայքի պարեկները հայտնաբերել են ռազմամթերք
Նոյեմբերի 16-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ծառայություն կատարելիս, դիմացի համարանիշի բացակայության համար պարեկները կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի մեքենա: Թերությունը վերացնելու համար պարեկները վարորդին հորդորել են տեղադրել համարանիշը: Իսկ երբ վարորդը համարանիշը փնտրում էր մեքենայի սրահում, վարորդի նստելատեղի տակ պարեկները նկատել են թղթով փաթաթված կասկածելի իր:
32-ամյա վարորդը հայտնել է, որ փաթեթում ինքնաձիգի փամփուշտներ են, որոնք բերել է Արցախից, թողել մեքենայի սրահում և մոռացել դրանց գոյության մասին:
Ապօրինի ռազմամթերք պահելու կասկածանքով հրազդանցի վարորդը ձերբակալվել և, ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել է Հրազդանի բաժին, որտեղ ներկայացրել է ինքնաձիգի 30 փամփուշտ:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: