Քրեական հետախույզներն ու պարեկները հայտնաբերեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գողություններ կատարած եռյակին
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ երեք երիտասարդ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված մեքենաներից կատարում են գողություններ:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական հետախույզները և ՊԾ 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 18-ի գիշերը, ժամը 3.20-ին, Միքայելյան փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայից գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել վերոհիշյալ երիտասարդներին: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են «Ֆորդից» գողացված պտուտակահան, օծանելիք, հատուկ փականով դանակ՝ ընդհանուր 21 սմ երկարությամբ, մետաղադրամներ և այլն:
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա երիտասարդը հայտնել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր թաղամասերից գողացել է 11 հեծանիվ և «Օպել» մակնիշի մեքենայի կողային հայելիներ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: