Պարզաբանում
Քաղաքացի Վահե Խաչիկյանի 25.05.2018 թ.«Էս ոստիկանը մեքենան քշեց երեխեքի վրա՝ առանց աչք թարթելու» մեկնաբանությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վահե Խաչիկյանը բնակվում է Վանաձոր քաղաքում, հիշյալ միջադեպը տեղի է ունեցել Վանաձորում, մայիսի 2-ին և տեսանյութը նկարահանել է, երբ նկատել է, որ վարորդը մեքենան պարբերաբար վարում է փողոցը փակած ցուցարարների ուղղությամբ և արգելակում, մոտեցել և հասցրել է նկարահանել այն պահից, երբ վարորդն արդեն կանգնեցրել է ավտոմեքենան։ Ավտոմեքենայի՝ որևէ մեկին դիպչելու վերաբերյալ տեղեկություններ չունի, և զբաղված լինելու պատճառաբանությամբ հրաժարվել է ներկայանալ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։
Միջադեպին ներկա գտնված քաղաքացի Ա.Ֆ.-ն ևս հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ոստիկանության ծառայողը ավտոմեքենան վարել է ցուցարարների ուղղությամբ և կանգնել, որպեսզի նրանք հատեն ճանապարհը։ Նա որևէ մեկին ավտոմեքենայով չի հարվածել և չի վնասել։
Պարզվել է նաև, որ տեսանյութում պատկերված «Օպել» մակնիշի 27 ՕՕ 007 հաշվառման համարանիշի վարորդը ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Լևոն Սարգսյանն է, ով իր բացատրությամբ հայտնել է, որ 2018 թ. մայիսի 2-ին ընդգրկված է եղել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբի կազմում և ժամը 10.30-ի սահմաններում, իր անձնական օգտագործման, տեսանյութում պատկերված, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվելիս է եղել ոստիկանության Տարոնի բաժին։ Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցով անցնելիս մեքենայի դիմացը փակել են մի խումբ ցուցարարներ։ Նա փորձել է ցուցարարների հետ բանակցել ճանապարհը բացելու շուրջ, նրանք չեն բացել և ինքն անջատել է մեքենայի շարժեչը ու թողել արգելակման և կցորդի անջատման ոտնակները։ Այդ պահին ավտոմեքենան աննշան շարժվել է առաջ, ինքը արգելակել է, ցանկացել է իջել, որպեսզի բացատրի, որ անհրաժեշտ է բացել ճանապարհը։ Սակայն զգացել է, որ հարվածել են մեքենային, տեսնելով, որ անիմաստ է խոսելը չի իջել, գործարկել է շարժիչը և հետընթաց վարելով՝ հեռացել ու այլ ճանապարհով հասել է ծառայության վայր։
Ոստիկանության Տարոնի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Կարեն Հարությունյանը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տված իր բացատրությամբ հայտնել է, որ 08.05.2018 թ. ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցով անցնելիս նկատել է, որ ցուցարարները շրջապատել են Լևոն Սարգսյանի ավտոմեքենան և թույլ չեն տվել, որ նա անցնի։ Վերջինս էլ տեսնելով, որ չեն բացում ճանապարհը հետընթաց վարելով հեռացել է։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրության ընթացքում, ձեռնարկված միջոցառումներով տվյալ միջադեպին առնչվող այլ տեսանյութեր ձեռք բերել հնարավոր չի եղել։
Քաղաքացի Վահե Խաչիկյանը հեռախոսազրույցի ընթացքում լրացուցիչ հայտնել է, որ իրեն ևս չի հաջողվել այլ տեսանյութ ձեռք բերել։
Այսպիսով, կատարված ուսումնասիրությամբ, ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Լևոն Սարգսյանի կողմից ավտոմեքենան դիտավորյալ ցուցարարների ուղղությամբ մի քանի անգամ վարելու հանգամանքը չի հիմնավորվել, վերջինիս կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու հանգամանքներ ի հայտ չեն եկել, ուստի ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետևանք՝ առանց ծառայողական քննություն սկսելու։
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ղեկավարությանը առաջարկվել է ենթակա ստորաբաժանումներում քննարկել ուսումնասիրության արդյունքները՝ քաղաքացիների հետ շփումներում ավելի զգոն վարքագիծ դրսևորելու վերաբերյալ լրացուցիչ հանձնարարականներ տալու համար։