Պարզաբանում
«www.1in.am» էլեկտրոնային կայքում զետեղված «Ինչ արժե վարորդական իրավունքը, ինչպես վճարել տուգանքների կեսը և ինչպես ձեռք բերել ուրիշի անունով անձնագիր» հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նկարագրված իրավիճակը և մի շարք հարցադրումներ, եթե դրանք հիմնավոր են, առավելապես մտահոգում են հենց ոստիկանությանը, և այդ ուղղությամբ իրականացվում են (ինչը նաև նշում է հոդվածագիրը) կազմակերպչական և իրավական բնույթի ժամանակատար բարեփոխումներ:
Ինչ վերաբերում է «ինչպես վճարել տուգանքների կեսը» հարցին և հրապարակման մեջ նկարագրված իրավիճակին, ապա պետք է կրկին նշենք, որ նման բան ուղղակի տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել, այն պարզ պատճառով, որ «համակարգիչների առաջ գամված աշխատակիցները», ովքեր արձանագրում են կանոնների խախտումները, այդ խախտումների վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացին ընդհանրապես չեն մասնակցում, առավել ևս, որ նրանք նույնիսկ չեն տեսնում իրենց կողմից արձանագրված՝ խախտում կատարած տրանսպորտային միջոցի համարանիշը, ինչում բազմաթիվ անգամ համոզվել են հենց լրատվամիջոցների ներկայացուցիչները Ճանապարհային ոստիկանություն այցելությունների ժամանակ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ելնելով իրականում առկա, ոչ թե մտացածին խնդիրները լուծելու մեր պատրաստակամությունից՝ հոդվածի հեղինակին և լրատվամիջոցին առաջարկում ենք կոնկրետ փաստերի (տեղին, ժամանակին, անձանց և հանգամանքներին) տիրապետելու դեպքում դրանք ներկայացնել համապատասխան մարմիններին: Կարող եք օգտվել նաև այլ տարբերակից՝ դիմել շուրջօրյա գործող «Թեժ գիծ», ինչը հնարավորություն կտա ոչ միայն արագ արձագանքել հարցադրմանը, այլև առավել հրապարակայնացնել պրոբլեմները, մեծացնել խնդիրների լուծման թափանցիկությունը, որը ոստիկանության առաջնահերթություններից է: Բայց ամեն դեպքում հարցադրումները պետք է լինեն կոնկրետ ու փաստարկված:
Ճանապարհային ոստիկանություն