Պարզաբանում
14.06.2016 13:21
Պարզաբանում
«Hraparak.am» կայքի 13.06.2016 թ. «Ոստիկանության տարածած հաղորդագրությունը չի՞ համապատասխանում իրականությանը» հրապարակման մեջ նշվում է, որ իրենց է դիմել ոմն Կարեն և հայտնել, որ «POLICE.am» կայքում տեղադրված «Բանալին 1 ժամով վստահել էր հարևանին» վերնագրով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Իրականում՝ հունիսի 10-ին, ժամը 23-ին, 1963 թ. ծնված Սաթենիկ Պ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 10-ից 11-ը, իր բնակարանի բանալին գտնվել է հարևանի՝ 1985 թ. ծնված Մագդա Մ.-ի մոտ: Ժամը 19-ի սահմաններում վերցնելով բանալին՝ նկատել է, որ ննջասենյակի պահարանում դրված զարդատուփից գողացել են 1 ոսկյա վզնոց և 2 ոսկյա մատանի` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը դեպքի առթիվ Կոտայքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով։
Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 11-ին, ժամը 14-ին, Միկրոշրջան թաղամասի թիվ 17 շենքի բակից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Մագդա Մ.-ն, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը և նույն օրը նշված ոսկյա զարդերը գրավադրել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող բանկերից մեկում, դրա դիմաց ստացած գումարը օգտագործել է իր անվամբ նույն բանկում եղած վարկը մարելու և անձնական կարիքները հոգանելու համար։ Մագդա Մ.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է նշված ոսկյա զարդերը գրավադրելու դիմաց ստացած գումարից 160.000 դրամը։
Մագդա Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել։
Նախաքննությունը շարունակվում է:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում այսօրինակ հրապարակումներ պատրաստելիս լսել բոլոր կողմերի փաստարկները, ինչը թույլ կտա զերծ մնալ վրիպումներից ու թյուրիմացություններից: