Պարզաբանում
20.11.2013 18:06
Պարզաբանում
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը զեկուցագիր է ներկայացրել, որ 2013թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում, ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել է Գյումրի քաղաքի Անի թաղամասի Մ.Ավետիսյան փողոցի 27 շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի, 35 PL 506 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդին: Վարորդ Վահագն Մադոյանը և ուղևոր Գևորգ Մադոյանը շուրջ 25 րոպե տևողությամբ հայհոյանքներ են տվել և քաշքշել իրեն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Միշա Բիշարյանին` այդ ընթացքում պատռելով իր բաճկոնն ու կոտրելով ակնոցը:
Արձանագրված դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորներ` ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Միշա Բիշարյանը ծառայություն իրականացնելու նպատակով 2013թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, վերջինիս անձնական օգտագործման «Վազ-2107» մակնիշի 29 ՕՕ 892 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դուրս են եկել իրենց կողմից սպասարկվող վարչական տարածք: Ժամը 22:30-ի սահմաններում, երբ գտնվել են Հակոբ Աղաբեկյանի կողմից սպասարկվող Անի թաղամասի Մ.Ավետիսյան փողոցում, նկատել են «Օպել» մակնիշի 35 PL 506 հաշվառման համարանիշի մի ավտոմեքենա, որը քարքարոտ ճանապարհով բարձր արագությամբ ընթացել է հանդիպակաց գոտիով: Շուրջ 100 մետր հեռանալուց հետո հիշյալ ավտոմեքենան կտրուկ շրջադարձ է կատարել դեպի թիվ 27 շենքի բակ:
Նշված հանգամանքը կասկած է հարուցել Հակոբ Աղաբեկյանի և Միշա Բիշարյանի մոտ, ուստի վերջինս ավտոմեքենան վարել է հիշյալ շենքի ուղղությամբ, որտեղ նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան` կայանված վիճակում: Հակոբ Աղաբեկյանը մոտեցել է վարորդի դռանը, սահմանված կարգով ներկայացել և ցույց է տվել ծառայողական վկայականը: Երբ ցանկացել է հարցնել, թե ինչ է պատահել, վարորդ Վահագն Մադոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է հայհոյել նրա և ոստիկանության հասցեին: Այնուհետև ավտոմեքենայից իջել է ուղևոր Գրիգոր Մադոյանը, ով հայհոյանքներ տալով` մոտեցել է օպերլիազոր Հակոբ Աղաբեկյանին, բռնել նրա թևից ու սկսել է քաշքշել, իսկ Վահագն Մադոյանը քաշել ու պատռել է Հակոբ Աղաբեկյանի բաճկոնը, փորձել է հարվածել վերջինիս դեմքին, սակայն դիպել է ակնոցին, որն ընկել է գետնին ու կոտրվել:
Հակոբ Աղաբեկյանը և Միշա Բիշարյանը տեսնելով, որ քաղաքացիները չեն ենթարկվում իրենց օրինական պահանջներին և շարունակում են խուլիգանական հայհոյանքներ տալ ու
խաթարել հասարակական կարգը, կապ են հաստատել ոստիկանության Մուշի բաժին և օգնություն խնդրել: Այնուհետև օգնության եկած ոստիկանության ծառայողների հետ Վահագն և Գրիգոր Մադոյաններին բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին, որտեղ ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը բաժնի պետին ներկայացրել է զեկուցագիր:
Հակոբ Աղաբեկյանի զեկուցագրի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր: Վահագն և Գրիգոր Մադոյանները բացատրություններ են տվել, որ 2013 թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում, իրենց ավտոմեքենայով կանգնած են եղել Գյումրի քաղաքի Անի թաղամասի թիվ 27 շենքի բակում, իրենց են մոտեցել քաղաքացիական հագուստով 2 անձինք, ովքեր հետաքրքրվել են, թե ինչ գործ ունեն այնտեղ, պահանջել են իջնել մեքենայից: Իրենք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վրդովվել և քաշքշել են երիտասարդներին: Ապա վերջիններս ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ, բռնել են իրենց ձեռքերից ու հենել ավտոմեքենային, իրենք գոռգոռացել, վերացական հայհոյանքներ են տվել, որոնք որևէ մեկին, այդ թվում ոստիկանության ծառայողներին ուղղված չեն եղել: Տեղեկանալով, որ երիտասարդները ոստիկանության ծառայողներ են` դադարեցրել են իրենց գործողություններն ու ենթարկվել նրանց պահանջներին:
Հավելել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց չեն հարվածել, մարմնական վնասվածք չեն պատճառել և իրենց հասցեին հայհոյանքներ չեն տվել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համադրման արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ քաղաքացի Վահագն Մադոյանը ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով 2013թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանության ծառայողներ Հակոբ Աղաբեկյանը և Միշա Բիշարյանը ոստիկանության ՆԱ վարչությունում բացատրություններ են տվել, որ Վահագն և Գրիգոր Մադոյանները քաշքշել և շուրջ 20-25 րոպե տևողությամբ հայհոյանքներ են տվել ինչպես իրենց, այնպես էլ ոստիկանության հասցեին:
Հավելել են, որ իրենք քաղաքացիներ Վահագն և Գրիգոր Մադոյաններին չեն հայհոյել, չեն քաշքշել, մարմնական վնասվածք չեն պատճառել և ամեն կերպ փորձել են հանգստացնել ու կանխել նրանց հակաօրինական գործողությունները, սակայն վերջիններս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ավելի ագրեսիվ վարքագիծ են դրսևորել, այդ պատճառով էլ իրենք կիրառել են ձեռնամարտի հնարքներ` նրանց շարժունակությունը սահմանափակելու համար:
Հակոբ Աղաբեկյանը բացատրությանը կից ներկայացրել է Վահագն և Գրիգոր Մադոյաններին բաժին բերման ենթարկելուց հետո կատարված տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ վերջիններիս մարմինների կամ հագուստների վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Քաղաքացիների սթափության վիճակի ստուգմամբ պարզվել է, որ Գրիգոր Մադոյանը գտնվել է 0,87 մգ/լ, իսկ Վահագն Մադոյանը` 0,62 մգ/լ աստիճանի հարբածության վիճակում:
Այսպիսով, ոստիկանության ՆԱ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորներ, ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Միշա Բիշարյանը քաղաքացիներ Գրիգոր և Վահագն Մադոյանների նկատմամբ բռնություն չեն կիրառել: Նրանց գործողությունները եղել են օրինաչափ, կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ թույլ չեն տրվել:
Ուստի ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետևանք, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց կանդրադառնան հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներով: