Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն Ո Ւ Մ
«hraparak.am» կայքում հրապարակվել էր «Ռուսաստանի չտես և Հայաստանի սոված գաիշնիկների մասին» վերտառությամբ հոդված, որում հեղինակը նկարագրել էր Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ճանապարհային ոստիկանության ծառայողների վարքագիծը:
Հրապարակման մեջ լրագրողը նշել էր նաև, որ Հայաստան վերադառնալուց հետո՝ Գյումրի չհասած, իրենց ավտոմեքենան կանգնեցրել էր հայ ճանապարհային ոստիկանը, ով տեղեկացրել էր, որ վարորդն արագ էր վարել ավտոմեքենան, սակայն արձանագրություն չի կազմի. փոխարենը խնդրել էր ձեռքը գրպանը տանել և ընդմիջման համար իրեն «մի բան անել»:
Վարորդը հերքել էր ավտոմեքենան արագ վարելու հանգամանքը և տեղեկացրել էր, որ գումար չի տալու, այլ կարող է նրան տանել և «պատիվ տալ»:
Սույն հոդվածի հրապարակման առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախապատրաստել էր նյութեր:
Ստուգման ընթացքում պարզվել էր, որ 2017 թվականի օգոստոսի 15-ին լրագրողի կողմից նշված ճանապարհի հատվածում պարեկային ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության ծառայողներ Լ. Միքայելյանը և Ռ. Օսիպյանը:
Հատուկ քննչական ծառայությունը 2017 թվականի օգոստոսի 28-ին, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդհոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որոշում է կայացրել նյութերով քրեական գործ հարուցելը մերժել՝ ՀՀ ոստիկանության ծառայողների արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու հանցակազմի բացակայության հիմքով: