ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Հայկական ժամանակի» համապատասխան լրագրողը, ի տարբերություն իր բոլոր գործընկերների, որոնք հրապարակում պատրաստելիս պահպանում են նաև երկրորդ կողմին լսելու կանոնը, պարտաճանաչ հետևողականությամբ, պարբերականության ժամկետը լրանալուն պես, ամեն անգամ ավելի «աղմկոտ» վերնագրով անդրադառնում է նույն դեպքին, որի հանգամանքները ճշտելու համար ընդամենը կարելի էր հարցում անել ոստիկանություն:
Հասկանալով, որ մոտենում է հերթական պարբերաժամկետը, չարչրկված դեպքը պարզաբանում ենք առանց հարցման, որը, կարծում ենք, կրկին չի արվելու:
Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Անդրանիկ Գևորգյանի դիմումի հիման վրա ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նախապատրաստվել են նյութեր առ այն, որ նա ավտոմեքենա գնելու նպատակով 14.07.2014թ. մեկնել է Վրաստան և հուլիսի 17-ին հանգրվանել է Քոբուլեթի քաղաքի Աղմաշենեբելիի փողոցի թիվ 87 հյուրատանը, որտեղ ծանոթացել է Ակաբի Կեշկարյանի հետ:
Հաջորդ օրը Ա.Գևորգյանն իր մոտ եղած 3150 ԱՄՆ դոլարը և անձնական փաստաթղթերն ի պահ է հանձնել Ա.Կեշկարյանին: Հուլիսի 21-ին Ա.Կեշկարյանը և նրա մտերիմ ընկեր Արսեն Էլյազյանը Գևորգյանին հայտնել են, որ նրա համար ավտոմեքենա են գտել և իր հանձնած գումարը տվել են որպես կանխավճար: Ա.Գևորգյանը սպասելով մինչև հուլիսի 18-ը և համոզվելով, որ իրեն խաբել են, դիմել է Քոբուլեթի քաղաքի ոստիկանություն, որտեղ Կեշկարյանը հաստատել է նրանից 3.150 ԱՄՆ դոլար վերցնելու հանգամանքը և հայտնել, որ չի խուսափում գումարը վերադարձնելուց: Ավելին՝ պարտավորվել է վերադարձնել մինչև 2014թ. օգոստոսի 31-ը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում գրություն է ուղարկվել Վրաստան, որին ի պատասխան ստացվել է Վրաստանի ՆԳ նախարարության Աջարիայի Ինքնավար Հանրապետության գլխավոր վարչության Քոբուլեթի շրջանային վարչության գրությունն առ այն, որ Ա.Գևորգյանի դիմումում չեն արտացոլվել Վրաստանի քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքի հատկանիշներ, ինչի պատճառով քննություն չի սկսվել, իսկ նյութերի պատճենների փոխանցումը մերժվել է Վրաստանի օրենսդրությամբ համապատասխան հիմքի բացակայության պատճառաբանությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում: Նշված անձանց դատապարտելիս պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը»:
Այսպիսով՝ ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ակաբի Կեշկարյանի արարքը նախատեսված չէ կատարման վայրի երկրի՝ Վրաստանի քրեական օրենսգրքով, այսինքն նրա կատարած արարքը Վրաստանում հանցագործություն չի համարվում, ուստի նա ենթակա չէ քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսդրությամբ: Արդյունքում՝ նախապատրաստված նյութերով 28.04.2015թ. կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որի օրինականությունը ստուգվել է Սյունիքի մարզի դատախազի կողմից:
Այնուհետև՝ 15.06.2015թ., Ա.Գևորգյանը ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թ. հուլիսի 21-ին, ժամը 11-ի սահմաններում, Վրաստանի Բաթումի քաղաքում անհայտ անձը երկանիվ մոտոցիկլետը վարել է իր ուղղությամբ՝ փորձելով վրաերթի ենթարկելով սպանել իրեն: Ըստ Գևորգյանի՝ դա իր նկատմամբ կազմակերպել են Ա.Կեշկարյանն ու Ա.Էլյազյանը:
Հիշյալ նյութերի նախապատրաստման ընթացքում, բացի Գևորգյանի բացատրությունից, որը հիմնված է եղել ենթադրության վրա, ապացուցողական նշանակություն ունեցող որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, որը կվկայեր, որ նրա հետ Բաթումի քաղաքում տեղի ունեցածը եղել է սպանության փորձ, այն էլ կազմակերպված հիշյալ անձանց կողմից, այլ ոչ պատահականություն:
Հետևաբար, տվյալ նյութերով նույնպես 25.06.2015թ. կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որի օրինականությունը ևս ստուգվել է Սյունիքի մարզի դատախազի կողմից: