Պարզաբանում
05.03.2014 18:28
Պարզաբանում
2014 թ. փետրվարի 26-ին «Հրապարակ» թերթը «Քննչական «բեսպրեդելի» զոհերը» վերտառությամբ հրապարակման մեջ վերստին անդրադարձել է 2013 թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի Սասունցի Դավիթ և Մուրացան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պատահարին, որի ժամանակ իրար էին բախվել «Նիսան-Տիդա» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Մ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հրապարակման հեղինակը, մի շարք մեղադրանքներ ներկայացնելով ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Ա. Փարսադանյանին, նաև նշում է, որ դեպքից 4 ամիս է անցել, սակայն քննիչը Մ. Մկրտչյանին չի ծանոթացրել ինչպես դատաբժշկական եզրակացությանը, այնպես էլ` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմանը:
Միաժամանակ նշել է, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իր կողմից նշած հանգամանքների կապակցությամբ կարտարվող ուսումնասիրության ընթացքում բացատրություն է տվել նշված վարչության ծառայողների թելադրանքով:
Ոստիկանությունը կրկին անդրադառնալով նշված պատահարին` պարզաբանում է, որ հոդվածում նշված հանգամանքների կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ուսումնասիրություն:
Պարզվել է, որ նշված պատահարի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչ Ա. Փարսադանյանը բացատրություններ է վերցրել Ա. Դանիելյանից, Ա. Յոլչյանից և Մ. Մկրտչյանից, բացի այդ` վերջին երկուսի նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հոկտեմբերի 16-ին Ա. Դանիելյանից վերցվել է արյան փորձանմուշ, իսկ հաջորդ օրը նշանակվել է փորձաքննություն` սթափության վիճակը պարզելու համար:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ «Նիսան-Տիդայի» վարորդ Ա. Դանիելյանը թույլ է տվել ՃԵԿ-ի 96 կետի և «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ երկրորդական ճանապարհով խաչմերուկին մոտենալով, չի զիջել գլխավոր ճանապարհով ուղիղ ընթացող «Դեու» մակնիշի ավտոմեքենային, իր գործողություններով ստեղծել է վթարային իրադրություն, որով պայմանավորել է ավտովթարի առաջացումը: Քննությամբ հիմնավորվել է նաև, որ «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Յոլչյանը ՃԵԿ-ի պահանջներին հակասող գործողություններ թույլ չի տվել:
Ավտովթարի հետևանքով «Դեու» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Մկրտչյանին պատճառվել են առողջության կարճատև քայքայումով թեթև մարմնական վնասվածքներ, որի համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվում, ավտովարորդ Ա. Դանիելյանի արարքում բացակայում են ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 1-ին մասի հանցակազմի հատկանիշները, սակայն նա ենթակա է վարչական պատասխանատվության ՃԵԿ-ի 96 կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջները խախտելու հետևանքով ավտովթար կատարելու համար։ Ավտովարորդ Ա. Յոլչյանի արարքում նույնպես բացակայում է հանցակազմը և նա վարչական պատասխանատվության ենթակա չէ։
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում 2013 թ. նոյեմբերի 6-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Ա. Դանիելյանի և Ա. Յոլչյանի արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, որի օրինականությունը ստուգվել է Երևան քաղաքի դատախազության կողմից:
Կատարված ուսումնասիրությամբ, հոդվածում նշված` ավագ քննիչ Ա. Փարսադանյանի կողմից Մ. Մկրտչյանին վիրավորելու, նրա վրա բղավելու, նրան չայցելելու և բացատրություն չվերցնելու հանգամանքները չեն հաստատվել, ուստի ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետևանք: Բացի այդ, ՆԱ վարչությունում Մ. Մկրտչյանն իր իսկ ձեռքով գրված բացատրությամբ խնդրել է Ա. Փարսադանյանի մասով հոդվածում նշված հանգամանքները քննության չառնել:
ՀՀ ոստիկանության ՆԱ վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքների մասին 2013 թ. նոյեմբերի 7-ին գրավոր տեղեկացվել է Մ. Մկրտչյանին, սակայն վերջինիս կողմից տրված հասցեից տեղափոխված լինելու պատճառով գրությունը փոստային ծառայության կողմից հետ է վերադարձվել: ՀՀ ոստիկանության ՆԱ վարչության ծառայողի կողմից Մ. Մկրտչյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս առաջարկվել է հայտնել բնակության ճիշտ հասցեն կամ անձամբ ներկայանալ գրությունը ստանալու համար, սակայն նա հրաժարվել է` պատճառաբանելով, որ իրեն գրավոր պատասխան անհրաժետ չէ:
Հարկ է նշել, որ ավագ քննիչ Ա. Փարսադանյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինակը 2013 թ. նոյեմբերի 6-ի թիվ 7/2-902 գրությամբ նույնպես ուղարկվել է Մ. Մկրտչյանին, սակայն վերջինս շուրջ 4 ամիս անց զանգահարել է ավագ քննիչ Ա. Փարսադանյանին և հայտնել, որ չի ստացել որոշման իր օրինակը: Քննիչը պարզաբանել է, որ կարող է ներկայանալ և առձեռն ստանալ որոշման օրինակը, սակայն Մ. Մկրտչյանը չի ներկայացել, իսկ Ա. Փարսադանյանը կրկին անգամ նրան փոստով ուղարկել է որոշման օրինակը, որի մասին առկա է ուղարկման անդորրագիր: