ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ «ԻՆՉՊԵՍ ԿԵՂԾԵՑԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է «Ինչպե՞ս կեղծեցին ընտրությունների արդյունքները» վերտառությամբ հոդված: Հոդվածագիրն իր սուբյեկտիվ դատողություններով մեղադրանքներ է հնչեցրել ընտրողների ցուցակները կազմելու և վարելու գործընթացի վերաբերյալ:
Մասնավորապես, ըստ նրա կարծիքի, եթե Հայաստանից հեռացածները գրանցումից դուրս չեն եկել, մի՞թե դա հիմք է «նման փնթի ցուցակ ունենալու համար»:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է ընտրողների ցուցակները կազմելու և վարելու գործընթացի իրավական հիմքերը, համաձայն որոնց, եթե անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեում, նրա տվյալներն ընդգրկվում են ընտրողների ցուցակներում: Քանի դեռ ՀՀ օրենսդրությամբ այլ կարգ նախատեսված չէ ընտրողների ռեգիստրի ձևավորման համար, ՀՀ ոստիկանությունն իրավասու չէ ցուցաբերել այլ մոտեցում:
Հադվածագրի դատողությանն ենք հանձնում հետևյալ հարցերի պատասխանը. օրենքի տառին համապատասխանող ցուցակներ կազմելն է համարվում «փնթիություն», թե՞ հակառակը:
Ըստ հրապարակման, 106 հազար քաղաքացի գրանցված է անհայտ հասցեներում։ Դրանք չեն եղել 2015-ի հանրաքվեի ժամանակ։ Դրա հետ միասին տրվել է գնահատական, որ «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը չէր կարող բացահայտել բոլոր գոյություն չունեցող հասցեները:
Անհասկանալի տրամաբանությամբ նշվում է կոնկրետ թիվ՝ 106.000, փաստելով, որ հնարավոր չէ պարզել բոլոր գոյություն չունեցող հասցեները:
ՀՀ Սահմանադրության հանրաքվեի և ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների քվեարկությունից 30 օր առաջ կազմված ցուցակներում առկա ընտրողների թվի տարբերությունը կազմում է 10.402 անձ: Ընդ որում, այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ՝ թվային տվյալներով հստակ նշելով ընտրողների ռեգիստրի աճի բացատրությունը, որը ոչ թե 106.000 է, այլ 10.402:
Հոդվածագրի դատողությամբ տեղի է ունեցել բնակչության զանգվածային տեղաշարժ: Գրանցման վայրը փոխել են հազարավորները:
Ընտրական գործընթացի շրջանակում ստացվել են պատգամավորների, լրագրողների հարցումներ, որոնք վերաբերել են ինչպես Հանրապետության ամբողջ տարածքում, այնպես նաև տարբեր մարզերում կամ համայնքներում իրականացված հաշվառումների քանակին:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տարբեր հարցումների վերաբերյալ վերլուծությունները, որոնք ընդգրկել են 2016թ. նոյեմբերի 1-ից 2017թ. մարտի 10-ը, ինչպես նաև 2015թ. նոյեմբերի 1-ից մինչև 2016թ. մարտի 10-ը Հանրապետության ամբողջ տարածքում իրականացված հաշվառումների քանակական ցուցանիշները ցույց են տվել, որ 2016թ. նոյեմբերի 1-ից մինչև 2017թ. մարտի 10-ը ընկած ժամանակահատվածում 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 25.062 ՀՀ քաղաքացի հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով: 2015թ. նոյեմբերի 1-ից մինչև 2016թ. մարտի 10-ը ընկած ժամանակահատվածում 2016թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի անձանց Հայաստանում կատարված հաշվառումների քանակը կազմել է 24.427: Ինչպես տեսնում ենք, հաշվետու ժամանակահատվածում տարբերությունը կազմում է 635 անձի հաշվառում, ինչը և վկայում է այն մասին, որ պարբերաբար շրջանառվող այն լուրերը, որ իրականացվել են ուղղորդված, մեծ քանակությամբ հաշվառումներ, չեն համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է ըստ գտնվելու վայրի ցուցակներում ընդգրկված ընտրողների թվին, նախորդ համապետական ընտրությունների ժամանակ այն կազմել է 16.856 ընտրող, իսկ այս ընտրություններին՝ 28.277: Թվային աճի հիմնական պատճառներից մեկն այն է, որ ընտրական օրենսգրում կատարված փոփոխությունների համաձայն, այս ընտրություններին ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակներում ընդգրկվելու իրավունք ունեցան նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները: Եթե մյուս դեպքում նման դիմում կարող են ներկայացնել այլ համայնքի հաշվառում ունեցողները, հանձնաժողովի անդամների դեպքում կարող է դիմել նաև նույն համայնքի, սակայն այլ ընտրական տեղամասում ընտրելու իրավունք ունեցող անձը:
Ընտրական օրենսգրքի համաձայն նման դիմումներ ներկայացվել են հանձնաժողովի անդամների, նրանց նշանակող կուսակցության կամ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահների կողմից:
Վերլուծությունները ցույց են տվել, որ ըստ գտնվելու վայրի ցուցակներում ընդգրկվելու դիմումներ ներկայացվել են հիմնականում տվյալ համայնքում գտվող անձինք, ովքեր աշխատանքի բերումով կամ այլ պատճառներով բնակվում են իրենց հաշվառման վայրից դուրս այլ վայրում կամ տարիներ շարունակ տեղափոխվել են բնակության տվյալ համայնք, սակայն չեն դիմել հաշվառման հասցեի փոփոխության համար:
Թեև Ընտրական օրենսգրքով սահմանված է իրավական հնարավորություն, որ նման դիմումներ կարող են ներկայացվել նաև հաշվառման վայրի անձնագրային ծառայություն՝ հայտնելով, որ քվեարկությանը օրը գտնվելու են այլ վայրում, այնուամենայինիվ, այդ կարգով դիմողների թիվը եղել է բավականին փոքր, ըստ գտնվելու վայրի ցուցակում ընդգրված ընտրողների ընդհանուր թվի մոտ 9 %-ը, որոնք հիմնականում եղել են դիտորդներ, վստահված անձինք:
Այս դեպքում նույնպես անհիմն են եղել շահարկումները, թե իբր տեղի են ունեցել զանգվածային արհեստական տեղաշարժեր: