ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 2-ին Գյումրու «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպության կողմից ներկայացվել է ընտրացուցակների դիտարկման և վերլուծության ծրագիրը: Ըստ բանախոսների՝ իրենց կողմից առանձնացվել են ռիսկային գործոններ, որոնք կարող են կանխել հնարավոր ընտրախախտումները:
Ապատեղեկատվությունը բացառելու համար ՀՀ ոստիկանությունը կետ առ կետ անդրադառնում է հասարակական կազմակերպության կողմից ռիսկային գործոն համարվող բոլոր հարցերին:
1. Ըստ կազմակերպության՝ բացահայտվել են նույն անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ ունեցող 218 անձանց տվյալներ, թեև նշելով, որ ՀՀ ոստիկանությունը նախապես հրապարակել է այդ տվյալները և դրանք հակընկնում են: Անհասկանալի է նշված երևույթը ներկա փուլում ռիսկային համարելն այն դեպքում, երբ ՀՀ ոստիկանությունը ընտրական գործընթացների շրջանակներում ի սկզբանե աշխատել է հրապարակային, նույնիսկ հայտնելով պատրաստակամություն՝ ցանկացած կասկածի դեպքում ցուցադրել լուսանկարները, որով մեկ անգամ ևս փաստվում է, որ դրանք տարբեր անձինք են և անհատական տվյալների կրկնությունը օրինաչափություն է:
2. Քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա 37.339 անձի մոտ բացակայում են ծննդյան ամիսը և ամսաթիվը, որոնց փոխարեն զրոներ են:
ՀՀ ոստիկանությունը նախորդ ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս անդրադարձել է նշված խնդրին: Ծննդյան օրվա և ամսաթվի փոխարեն զրոների առկայությունը պայմանավորված է անձնագիր ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթում դրանց բացակայությամբ: Նշված խնդրին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թ. մարտի 8-ի ՍԴՈ-736 որոշմամբ:
Անհրաժեշտ է նշել նաև այն հիմնական փաստարկը, որ անձի նույնականացումն իրականացվում է ոչ միայն անուն, ազգանունով և ծննդյան տարեթվով, այլ նաև լուսանկարով:
Նշված խնդրի կապակցությամբ անհասկանալի է այն որպես ռիսկային գործոն վկայակոչելը նաև այն համատեքստում, որ բերված օրինակի համաձայն՝ ծննդյան օր և ամիս չունեցողներից 10-ից 4-ը փաստացի բնակվել են իրենց հասցեներում, իսկ 3-ը ՀՀ ում չեն եղել: Ակնհայտ է, որ արվածը անտրամաբանական վերլուծություն է և հայտարարություն տարածողները փորձել են այն կապել մեկ այլ երևույթի հետ, նույնիսկ առանց երևույթների տրամաբանական կապի հիմնավորման:
3. Ցուցակներում կան կրկնվող անուն, ազգանուններ:
ՀՀ ոստիկանությունը մի քանի անգամ անդրադարձել է նշված խնդրին՝ ուսումնասիրելով բոլոր հրապարակումներում առկա տվյալները: Արդյունքում՝ մինչ այժմ որևէ անճշտություն չի հայտնաբերվել: Ուշագրավն այն է, որ միտումնավոր ընտրվում են հանրապետությունում առավել տարածում ստացած անուն, ազգանունները:
4. 2013 թվականի ընտրության հետ համեմատած՝ յուրաքանչյուր տեղամասում (ի դեպ, ըստ հայտարարություն տարածողների՝ հանրապետության ողջ տարածքում) միջին հաշվարկով քվեարկությանը մասնակցող անձանց թիվը ավելացել է 57-ով:
Անհասկանալի է նման վերլուծությունները, նույնիսկ առանց պարզ մաթեմատիկական հանրագումար կատարելու: 2013 թվականին տեղի ունեցած ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցող անձանց նախնական թիվը կազմել է 2.510.887: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի հանրաքվեի քվեարկությանը մասնակցող անձանց նախնական թիվը կազմել է 2.555.831, որը 44.944-ով ավել է նախորդ թվից: Հայտարարություն տարածողների թվաբանական փաստարկներով վերլուծության արդյունքում քվեարկությանը մասնակցող անձանց թիվը պետք է ավելացած լիներ ոչ թե 44.944, այլ 113.829 ընտրողով (ընտրատեղամասերի թիվը 1997 է): Ի դեպ, ՀՀ ոստիկանությունն իր տարածած հայտարարություններով մանրամասն փաստարկել է ընտրողների քանակական աճը:
5. Քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա են բազմաթիվ անձինք, ովքեր չունեն հասցեներ:
Նախորդ պարզաբանումներով տրվել են մանրամասն բացատրություններ՝ նույնիսկ նշելով կոնկրետ հասցեները և դրանցում ընդգրված անձանց քանակը: Նշված հասցեները ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, հանրակացարանային սենյակներ, տարածքներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են նշված հասցեներում:
6. 80 և ավելի տարիք ունեցող անձանց շրջանակում ընտրանքային կարգով ուսումնասիրություններ կատարելու արդյունքում պարզվել է, որ 3-ը մահացած են:
Նախ, հարկ ենք համարում նշել, որ հայտարարություն տարածողների համար պետք է քաջ հայտնի լիներ, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում անճշտություններ հայտանբերելիս դրանց վերացման համար դիմելու վերջնաժամկետը 2015 թվականի դեկտեմբերի 1-ն էր: Եթե նպատակը ճգրտված ցուցակներ ունենալն էր՝ կատարված վերլուծությանը զուգընթաց փուլ առ փուլ հայտնաբերված տվյալները կարող էին տրամադրվել իրավասու մարմնին, սահմանված կարգով և ժամկետներում ուսումասիրություններ կատարելու և առկա անճշտությունները վերացնելու համար:
ՀՀ ոստիկանությունը նախնական ցուցակները հրապարակելուց հետո կատարել է հսկայածավալ և արդյունավետ աշխատանք: 27.10.2015 թ.-01.12.2015 թ. ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել են 4907 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ, որոնք հայտնի չեն եղել բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին: Այդ թվում, 80-90 տարեկան անձանց շրջանակում հայտնաբերվել են 400 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ, իսկ 90 և ավելի տարիրք ունեցող անձանց շրջանակում՝ 296 անձի վերաբերյալ տվյալներ:
Հրապարակվել են նաև քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում 105 և ավելի տարիք ունեցող թվով 29 անձանց շրջանակում այն անձանց տվյալները, ովքեր ողջ են (թվով 23 անձ):
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը ընտրական գործընթացների շրջանակներում գործել է ՀՀ օրենսդրության շրջանակներում, ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները և գործողությունները՝ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները ճշգրտելու ուղղությամբ: