Պարզաբանում
Օգտատերերից մեկը սոցցանցում տեղեկատվություն էր տարածել, թե ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցները չեն ստացել այս տարվա աշխատավարձերը:
Հիշյալ տեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ Իջևանի բաժնի ծառայողների (աշխատողների) թե հունվար, թե փետրվար ամիսների աշխատավարձերը հաշվարկվել ու վճարվել են ժամանակին և ամբողջությամբ:
Մասնավորապես ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների (աշխատողների) հունվարի աշխատավարձը վճարվել է 2019 թ. հունվարի 25-ին, իսկ փետրվար ամսվանը՝ փետրվարի 25-ին:
Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված՝ հունվար ամսից աշխատավարձերի բարձրացմանը, ապա արդեն իսկ նշվել է, որ 2019 թվականին ոստիկանության ծառայողների (աշխատողների) ոչ թե հիմնական ու լրացուցիչ աշխատավարձերն են բարձրացվում, այլ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի ուժով՝ 2019 թ. հունվարից ոստիկանությունում ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգ:
Օրենսդրությամբ սահմանված կարգով ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տրվում է որակյալ աշխատանքի և (կամ) հատուկ առաջադրանքների կատարման համար, որը բոլոր հավասար պայմաններում կհանգեցնի այն ստացողների, նախորդ տարվա նույն ժամանկահատվածների համեմատությամբ, ամսական միջին աշխատավարձերի բարձրացման: