Ուջանում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Հունվարի 26-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները Ուջան գյուղում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սամվել Ս.-ն, ով հունվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խուզարկությամբ Սամվել Ս.-ի մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանի 6 փամփուշտ:
Սամվել Ս.-ն հայտնել է, որ հրացանը թաքցրել է 1961 թ. ծնված Աղասի Ա.-ի թոնրատանը:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ թոնրատանը գտնվող երկաթե տակառի միջից հայտնաբերել է մարտական վիճակի բերված, 16 մմ տրամաչափի, կարճեցված երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան` 2 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: