Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Սյունիքի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները հուլիսի 30-ից պարբերաբար բակերում կազմակերպում են իրավախախտումների նախականխման, կանխման, ինչպես և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ միջոցառումներ:
Բակային հանդիպումների նպատակն է մասնավորապես բնակարանային գողությունների, անասնագողությունների նախականխման, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, կամովին հանձման, անտառային հրդեհների կանխարգելման աշխատանքները դարձնել առավել արդյունավետ` գործընթացին ներգրավելով նաև բնակչությանը:
Զրույց-հանդիպումների ընթացքում բնակիչներին կոչ արվեց տնից երկարատև բացակայելու դեպքում իրազեկել համայնքային ոստիկաններին` բնակարանների պահպանությունը կազմակերպելու համար: Քաղաքացիներին տրամադրվեցին տարածքը սպասարկող ոստիկանների այցեքարտերը, խոսվեց տարատեսակ իրավախախտումներից, պարզաբանվեցին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձման դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու, ինչպես և շրջակա միջավայրն աղտոտելու հետևանքների մասին:
Բնակիչների հարցերը ստացան սպառիչ պատասխաններ, որոշ խնդիրներ էլ լուծվեցին տեղում: