Բուքմեյքերական գրասենյակում սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ 2015 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել էր սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը՝ 1983 թ. ծնված, նախկինում դատված Կարեն Շահինյան:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել էր միջպետական հետախուզում:
Ոստիկանությունը ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և որոնողական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ շարունակել է ծավալուն աշխատանքները հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ: Եվ ահա ՌԴ համապատասխան ստորաբաժանումների գործընկերների հետ համագործակցության արդյունքում՝ փետրվարի 18-ին Կարեն Շահինյանը ՌԴ Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է:
Ներկայումս լուծվում է նրան Հայաստան արտահանձնելու հարցը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: