Սևանի ոստիկանները բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը
Ապրիլի 18-ի գիշերը ոստիկանության Սևանի բաժին դիմեց Ծովագյուղի մի բնակիչ։ Նա տվեց հաղորդում, որ մոտ չորս ժամ առաջ իր «Մերսեդեսը» կայանել էր Սևանի Կոմիտասի փողոցում, մեքենայի դռներն էլ՝ բաց: Այդ հանգամանքից էլ օգտվելով՝ սրահից տարել էին իր դրամապանակը՝ 61 հազար դրամով։
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Ուսումնասիրվեց և՛ մեքենան, և՛ տարածքը։ Իսկ քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացվեց տվյալ, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սևանի Սայաթ-Նովայի փողոցի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: