Գողացված արևային վահանակները հայտնաբերվեցին. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս սեպտեմբերի 28-ին: Գիշերը գողացել էին Էջմիածնի Մելքոնյան փողոցում տեղադրված՝ մի բնակչի պատկանող արևային 40 վահանակ, որի ընդհանուր արժեքը մոտ երեք միլիոն դրամ էր:
Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին հոկտեմբերի 9-ին: Ստացվեցին հավաստի տեղեկություններ, որ գողությունը նախնական համաձայնությամբ կատարել է չորս տղամարդ. Երևանի 51-ամյա մի բնակիչ` իր «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով, Արարատի մարզի Կանաչուտ գյուղի 41-ամյա բնակիչ` «Մերսեդեսով», Երևանի Նուբարաշեն թաղամասի 35-ամյա բնակիչ` «Ֆորդ Տրանզիտով» և նրա 46-ամյա թաղակիցը:
Նույն օրը նրանցից երեքը հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել են Վաղարշապատի բաժին ու խոստովանել: Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է Նուբարաշենում:
Ձեռնարկվում են միջոցներ՝ 51-ամյա երևանցուն հայտնաբերելու ուղղությամբ:
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: