Վաղարշապատի ոստիկանները ակնաշենցու տանը թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ակնաշեն գյուղի 44-ամյա մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում, ինչպես նաև՝ ունի զենք-զինամթերք:
Բաժնի ծառայողները մեկնեցին նշված հասցե: Տանտերը հաստատեց, որ ունի կանեփից պատրաստված չոր զանգված և զինամթերք ու դրանք իրավապահներին ներկայացնելու պատրաստակամություն հայտնեց:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ակնաշենցին ներկայացրել է ինքնաձիգի 25 փամփուշտ և մոտ 250 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Նա հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է, կանեփն ինքն է աճեցրել, իսկ փամփուշտներն իրենն են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: