Վարկածը հաստատվեց․ Վաղարշապատի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Հունվարի 19-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր տվել Էջմիածին քաղաքի Լոմոնոսովի փողոցի մի բնակիչ: Ըստ նրա` անցած տարվա դեկտեմբերի կեսերից տանը մարդ չի ապրել, և այդ ընթացքում ճկել-բացել են դարպասի դռան կախովի փականը, մտել տուն և գողացել հագուստեղեն ու կենցաղային իրեր:
Հարուցվեց քրեական գործ:
Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ, տարան օպերատիվ աշխատանք: Վարկածը, որ կատարողներից մեկը մոտակայքի բնակիչ է, հաստատվեց: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նույն՝ Լոմոնոսովի փողոցի բնակիչ, 42-ամյա տղամարդու հետ գործել էր նաև Էջմիածնի 41-ամյա մի բնակիչ:
Երկուսն էլ հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանեցին արարքը: Դատարանի որոշմամբ նախ խուզարկություն կատարվեց տուժածի հարևանի տանը, որտեղ հայտնաբերվեց գողոնի մի մասը: Խուզարկվեց նաև հանցակցի տունը, որտեղից արդեն հայտնաբերվեց գողոնի մյուս մասը:
Երկուսն էլ ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: