Ընկերոջ տատի տնից մոտ 1 միլիոն դրամ էր գողացել ու բռնվել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի Հոկտեմբերի փողոցի 23-ամյա մի բնակիչ ընկերոջ տատի տնից գողություն է արել:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց և բացատրական աշխատանքից հետո կասկածվողը հուլիսի 3-ին ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Պարզվել է` նա հունվար ամսին այցելել է Էջմիածնի Վռամ Կոստանյան փողոցում բնակվող ընկերոջ տատի տուն և ննջասենյակում դրված մետաղյա կաթսայից գողացել 200.000 դրամ: Տանտերերը ոստիկանություն չէին դիմել, հանցամիտն էլ փողերի տեղն իմանալով՝ ձմռանը պարբերաբար տարեց կնոջը հյուր էր գնացել և նույն կաթսայից, նշվածից բացի, գողացել էր մոտ 1 միլիոն դրամ:
Վերջին անգամ այդ բնակարանում հունիսի 22-ին էր եղել և հյուրասենյակի պահարանից հափշտակել էր 30.000 դրամ:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: