Վանատուրում բնակարանային գողություն արած անձը ձերբակալվել է․Հրազդանի ոստիկանների բացահայտումը
Մարտի 7-ի երեկոյան ոստիկանության Հրազդանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Ոստիկանություն դիմած տղամարդը հայտնում էր, որ իրեն վստահված բնակարանից գողություն է արվել։ Վանատուր թաղամասում գտնվող տունը, որ հաղորդում տվողի ազգականներինն էր, չէր բնակեցվում։ Տանտերերն արտերկրում են։ Հանգամանք, որը գրավել էր գողություն արած անձի ուշադրությունը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ տուն էին մտել պատուհանով ու գողացել կենցաղային տեխնիկա և իրեր։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Հետևողական աշխատանքի արդյունքում Հրազդանի ոստիկաններին հաջողվեց փաստական տվյալներ ձեռք բերել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Նույն օպերատիվությամբ էլ Վանատուր թաղամասում բնակվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնի մի մասը։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: