Վաղարշապատի քրեական հետախույզների հակաթմրամոլային պայքարի երկու դրվագ
Վաղարշապատի քրեական հետախույզները նոյեմբերի 14-ին տեղեկություն ստացան Աղավնատուն գյուղի 61-ամյա մի բնակչի վերաբերյալ։ Ըստ տեղեկության՝ նա իր հաշվառման հասցեում, տնամերձում և կից օժանդակ շինություններում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում է թմրամիջոց։
Իրականացված ստուգողական միջոցառման ընթացքում տղամարդը հայտնել է, որ ունի կանեփից պատրաստված թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 285 գրամ մարիխուանա։
Նմանատիպ մեկ այլ տեղեկություն ստացվեց նաև նոյեմբերի 15-ին։
Տեղեկությունը ստուգելու նպատակով Վաղարշապատի քրեական հետախույզները Հայթաղում էին։ 64-ամյա հայթաղցին նշեց, որ ունի կանեփից պատրաստված թմրամիջոց, որը պահում է անձնական օգտագործման համար։ Իրավապահները ակնհայտ տեսանելի վայրում նկատեցին նաև կանեփի թփեր։
Քրեական վարույթի շրջականում կատարված զննությամբ հայտնաբերվեց 25,51 գրամ մարիխուանա։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: