Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնում   հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, հարձակում են գործել պահակետում պահպանություն իրականացնող ոստիկան Վարդան Գևորգյանի  վրա, դանակով սպառնացել, այնուհետև փայտով հարվածել գլխին, ուշագնաց արել և հափշտակել նրա մոտ գտնվող «Մակարով» տիպի ատրճանակը ու դիմել փախուստի:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորած օպերատիվ խումբը, որի կազմում՝ նաև ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողներ: 
Օպերատիվ խումբը, համագործակցելով  Դատախազության  և ԱԱԾ  ծառայողների հետ, պարզել է, որ հարձակում գործողը Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված Սևակ Իսպիրյանն է: Քուչակ գյուղի մերձակա դաշտում  իրավապահներին հաջողվել է հայտնաբերել  նրան, բայց Իսպիրյանը կրակոց արձակելով՝  փախել է գյուղ և թաքնվելով իր տանը՝ սպառնացել տունը շրջապատած ոստիկաններին: Անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով սկսված և շուրջ 2 ժամ տևած բանակցությունների արդյունքում հաջողվել է Իսպիրյանին համոզել, որ հանձնի զենքը և անձնատուր լինի:
Իրավապահների հմուտ գործողությունների շնորհիվ  ոչ ոք չի տուժել: 
Հարուցվել է քրեական գործ:
Սևակ Իսպիրյանը  ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: