Գույքի դիտավորությամբ ոչնչացման 2 դեպք. վնասարարը գտնվում է հոգեբույժի հսկողության տակ
Հուլիսի 30-ին մամուլում տեղեկատվություն է հրապարակվել, որ Իջևանի «Սուրբ Գրիգոր» մատուռը ենթարկվել է վանդալային հարձակման:
Նույն օրը, ժամը 13.30-ին, Տավուշի թեմի գործերի կառավարիչը ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ կոտրել և այրել են Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող «Սուրբ Գրիգոր» մատուռի մուտքի դուռը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Հանցագործության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.00-ին, պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1960 թ. ծնված Մարտուն Ղ.-ն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հունիսի սկզբին Մարտուն Ղ.-ն կոտրել և վնասել է Գետահովիտ գյուղի հարակից տարածքում գտնվող հուշաղբյուրի հուշաքարը և հուշաքարի կողքին դրված ծաղկամանը` արհեստական ծաղիկներով` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Մարտուն Ղ.-ն գտնվում է հոգեբույժի հսկողության տակ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: