Ոստիկանությունում միացավ տագնապի ազդանշանային համակարգը և քիչ անց գողը բռնվեց խանութում
Նոյեմբերի 7-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի կապի կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քոչարյան փողոցի 4/1 հասցեում գտնվող խանութում միացել է տագնապի ազդանշանային համակարգը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել պահպանության բաժնի խումբը` օպերատիվ խմբով, և ժամը 04.30-ին բերման ենթարկել 1978 թ. ծնված Մաքսիմ Ա.-ին: Նա խոստովանել է, որ ընկերոջ` ոմն Գագիկի հետ նույն օրը, ժամը 04.00-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, խանութի մուտքի դուռը կոտրելով՝ մտել են ներս և գողություն կատարել:
Նույն օրը, ժամը 05.00-ին, խանութի տնօրենից ընդունվել է հաղորդում, որ խանութից գողացել են կանխիկ գումար և 2 շիշ կոնյակ` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Մաքսիմ Ա.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գագիկի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: