Տարեց կնոջ սպանությունը բացահայտվեց
09.08.2013 12:52
Սպանություն
Հուլիսի 19-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ գնացել է բարեկամուհուն տեսակցության` Էմինեսկուի փողոցի թիվ 19/Ա տուն, բայց տանտիրուհին չի արձագանքել իր զանգերին: Մտնելով տուն` նկատել է, որ տան իրերը ամբողջությամբ խառնված են, իսկ տարեց տանտիրուհին սպանված է:
Պարզվել էր, որ հուլիսի 18-ի ժամը 21.00-ից հուլիսի 19-ի ժամը 19.25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը պատշգամբի դռնից մտել Էմինեսկուի 2-րդ փողոցի թիվ 19/Ա տուն և խեղդելով` սպանել 1938 թ. ծնված Անյա Մուսայելյանին, խառնել տան իրերը և դիմել փախուստի:
Օգոստոսի 8-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, Երևան քաղաքի վարչության, քննչական բաժնի և ՊՊԾ գնդի ծառայողների հետ համատեղ, սպանությունը կատարելու կասկածանքով, Լոռու մարզի Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 23 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արթուր Շ.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուր Շ.-ն հուլիսի 19-ին, ժամը 06.30-ի սահմաններում, բաց դռնից մտել է Էմինեսկույի 2-րդ փողոցի թիվ 19/Ա տուն, խեղդելով սպանել է Անյա Մուսայելյանին, հափշտակել 2.700 դոլար և ոսկյա զարդեր:
Արթուր Շ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: