Տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում
18.02.2013 22:35
Ընտրություններ
Համացանցում տարածվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը, համաձայն որի՝ մի խումբ քաղաքացիներ ահազանգել են շտաբին ընտրացուցակում առկա անճշտությունների վերաբերյալ: Այսպես.
1. Մյասնիկ Գրիգորի Սաֆարյանը տեղեկացրել է, որ Շիրակի 54 բն. 43 հասցեի բնակիչներ Գագիկ Անդրանիկի Դավթյանը, Տիգրան Գագիկի Դավթյանը և Ալիսա Հովակիմյանը 10 տարի է ինչ Հայաստանում չեն, սակայն ընդգրկված են ընտրացուցակում:
2. Սահակ Դաշյանը տեղեկացրել է, որ իր ընտանիքի անդամները` Հասմիկ, Շաքե, Ռուբեն և Գոհար Դաշյանները վաղուց ապրում են Ֆրանսիայում, սակայն մինչ օրս ընդգրկված են ընտրացուցակներում:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ Հանրապետությունից քաղաքացիների մեկնելը ՀՀ օրենսդրության համաձայն բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանելու իրավական հիմք չի հանդիսանում:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:
Հետևաբար, եթե վեց ամսից ավելի ժամկետով օտարերկրյա պետությունում բնակվող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող ՀՀ քաղաքացին վերը նշված կարգի համաձայն չի դիմում բնակչության օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեում հաշվառվելու համար, ռեգիստրը վարող մարմինը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ կատարելու հասցեափոխություն և նշված անձանց տվյալները հանել ընտրողների ռեգիստրից:
3. Աբգար Սարգսյանը տեղեկացրել է, որ Մաշտոցի պողոտա 15/120 հասցեի բնակիչ Թամարա Հովակիմի Հարությունյանը 12 տարի է ինչ դուրս է եկել գրանցումից, սակայն ցուցակում նրա անունը պահպանվում է: Տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն Թամարա Հովակիմի Գևորգյանը /ծնված 19.11.1940թ./ 12.06.1968թ-ից մինչ օրս հաշվառված է Երևան քաղաքի Մաշտոցի 15 բն. 120 հասցեում և իրավաչափորեն ընդգրկվել է ՀՀ ընտրողների ռեգիստրում:
4. Անանուն ահազանգով տեղեկացվել է, Մաշտոցի պողոտա 20 բն. 46 հասցեի բնակիչ Հասմիկ Բադալյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սակայն ընդգրկված է ընտրացուցակում:
Բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն Հասմիկ Դավթի Բադալյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է 23.01.2013թ-ին, նախնական ցուցակները հրապարակվելուց հետո: Հետևաբար` վերջինիս տվյալները առկա չի եղել 16.02.2013թ. հրապարակված ընտրողների վերջնական ցուցակում:
5. Աբգար Սարգսյանը տեղեկացրել է, որ Ամիրյան 24/7 ընտրատեղամասում գրանցված են «մեռած հոգիներ»` Կարեն Ղազարյան, Նարինե Սահակյան և Միքայել Ավետիսյան: Տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Ստուգմամբ պարզվել է, որ Միխայիլ /այլ ոչ թե` Միքայել/ Սերգեյի Ավետիսյանը /ծնված 12.08.1950թ./ և Նարինե Մերուժանի Սահակյանը /ծնված 09.03.1959թ./ ողջ են և ընդգրկված են ոչ թե 24/7 ընտրատեղամասում, այլ Երևան քաղաքի Ամիրյան 24 շենքի բն. 7 հասցեի ընտրողների ցուցակում:
«Կարեն Ղազարյան» անհատական տվյալներով անձ ինչպես 24/7 ընտրատեղամասում, այնպես էլ Երևան քաղաքի Ամիրյան 24 շենքի բն. 7 հասցեի ընտրողների ցուցակում առկա չէ: