ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տերմինալի աշխատակիցը սպառնացել է նռնակը պայթեցնելով՝ ինքնասպան լինել

Տերմինալի աշխատակիցը սպառնացել է նռնակը պայթեցնելով՝ ինքնասպան լինել

Մարտի 2-ին, ժամը 18.50-ին, ՍՊԸ-ներից մեկի Արարատյան փողոցի տերմինալի անվտանգության պետը ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներին տեղեկացրել է, որ տերմինալի աշխատակիցներից մեկը խփել է անվտանգության մեկ այլ աշխատակցի և նռնակը ձեռքին՝ սպառնում է ինքնասպան լինել: Ժամը 20.05-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը սրունքի փակ կոտրվածքով և դեմքի սալջարդով բուժօգնության է տեղափոխել տերմինալի անվտանգության 73-ամյա աշխատակցին, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է տերմինալի տարածքում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 18.40-ին տերմինալի անվտանգության 32-ամյա աշխատակիցը, «Ֆ-1» տիպի նռնակը ձեռքին, վիճել է 73-ամյա աշխատակցի հետ, խփել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածք, այնուհետև կոտրել է գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Մերսեդեսի» ապակին ու սպառնացել, որ ինքն իրեն պայթեցնելով՝ ինքնասպան կլինի: Օպերատիվ-քննչական խմբի բացատրական աշխատանքի արդյունքում նա նռնակը նետել է տարածքից դուրս, որը պայթել է:
32-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվել:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: