Տոնական հանդիսություններ
16.04.2013 20:31
Համակարգի լրատու
Այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրն է: 95 տարի հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման առաջին գծում:
Ոստիկանի մասնագիտական տոնը նշվեց հանդիսավոր պայմաններում:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ` ոստիկանության կոլեգիայի անդամները, ոստիկանության բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը, հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելով հայ ոստիկանների բոլոր սերունդներին՝ ծաղկեպսակներ դրեցին Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշարձաններին:
Տոնական օրը շարունակվեց հանդիսավոր նիստով:
Քայլերգի հնչյունների ներքո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության եւ ոստիկանության դրոշները:
Հրապարակվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Ոստիկանության մի խումբ աշխատակիցների Հանրապետության նախագահի կողմից հանձնվեցին պարգեւներ:
Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց եւ ոստիկանության աշխատանքը բարձր գնահատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը:
Գործընկերներին շնորհավորանքի ջերմ խոսք հղեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, և, մասնավորապես, կարևորեց. «Մենք վերցրել եւ կրում ենք այն լավը, որ թողել են մեր ավագները: Նաեւ փորձում ենք շտկել, լրացնել բացթողումները, անել ավելին»:
Մասնագիտական տոնի առթիվ ոստիկաններին շնորհավորեցին և պարգևներ հանձնեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ոստիկանության տոնի կապակցությամբ շնորհավորանքներ եւ խրախուսանքներ եղան ՀՀ Արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարների կողմից:
Տոնական հանդիսությանը մասնակցում էին և պարգևների արժանացան համակարգի 95-ամյա վետերաններ Շուշիկ Գրիգորյանն ու Ավետիք Հակոբյանը, 89-ամյա Նիկոլայ Մելիքջանյանը:
Ոստիկանության պետի կողմից պարգեւատրվեցին նաեւ համակարգի մի խումբ լավագույն աշխատակիցներ:
***
Ոստիկանության տոնը հանդիսությամբ նշեցին պետական պահպանության գլխավոր վարչությունում: Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված պետական պահպանության աշխատակիցների հարազատները, վետերաններ:
Պետական պահպանության աշխատակիցներն ու զոհվածների հարազատները ծաղիկներ դրեցին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանն այնուհետեւ զրուցեց զոհվածների հարազատների հետ, վստահեցրեց, որ իրենք միշտ նրանց կողքին են:
***
Ոստիկանության 95-ամյա տարեդարձին նվիրված միջոցառման երկրորդ մասը նիստերի դահլիճում էր: Ընթերցվեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը, այնուհետեւ պարգեւներ հանձնվեցին ոստիկանության պետի հրամանով խրախուսվածներին:
Հանդիսությունն ավարտվեց տոնական համերգով: