ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

25.02.2016 18:56 ՃՏ պատահարներ

Փետրվարի 24-ին, ժամը 05.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիտոգրադյան և Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում բախվել է «Ռենո», այնուհետև` կայանված «ԲԻԴ» մակնիշի երկու ավտոմեքենաների:
«Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 24-ին, ժամը 20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ծնկահոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա տղամարդ, ով հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 24-ին, ժամը 17.30-ին, Երևանի Զ. Սարկավագի փողոցի թիվ 126 հասցեի մոտ տղամարդուն վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում կտրուկ արգելակել է, ինչի արդյունքում 23-ամյա ուղևորը գլխով հարվածել է առջևի դիմապակու կողքի հենասյանը և մարմնական վնասվածքով դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 00.15-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 12 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 02.30-ին, 48-ամյա մի տղամարդ ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 00.10-ի սահմաններում իր վարած «Մերսեդես-E 320» մակնիշի ավտոմեքենայով Շիրակացի փողոցի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: