Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրները ՆԳՆ ուշադրության կենտրոնում
Ապրիլի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /UNHCR/ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին: Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ: Ներքին գործերի նախարարը, ընդգծելով Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես շեշտել է վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, փախստականների հետ կապված օրենսդրության կատարելագործման, ապաստանի, քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված հարցերն ու այլ ուղղություններ: Վահե Ղազարյանը կարևորել է 2023-2024 թվականների ընթացքում միգրացիայի և ոստիկանության բարեփոխումներին ուղղված՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվող մի շարք միջոցառումներ:
Կավիտա Բելանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փոխադարձ շնորհավորել է Վահե Ղազարյանին՝ Հայաստանի ներքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել՝ իր գոհունակությունը հայտնելով ՀՀ կառավարությանը և Հայաստանի ժողովրդին՝ անսահման հյուրընկալության և վեհանձնության համար` ընդգծելով դրանք որպես լավագույն փորձ։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող միջոցառումները: Կավիտա Բելանին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին այն քայլերի համար, որոնք իրականացվել են քաղաքացիություն չունեցող անձանց խնդրի կարգավորման ուղղությամբ: Նա նշել է, որ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ մինչև այս տարվա վերջ Հայաստանում ապաքաղաքացիությունը վերացնելու նպատակով:
Կողմերը նաև քննարկեցին աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությունը՝ ուղղված տարբեր երկրներից ժամանած և տարիներ շարունակ Հայաստանում բնակվող փախստականների խնդրի լուծմանը: Մասնավորապես կարևորվեց փախստականների կողմից Հայաստանի քաղաքացիության ձեռք բերումը, որպեսզի նրանք շարունակեն Հայաստանն իրենց տունը կոչել և մշտապես հաստատվեն։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շուրջ: