Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները գողության մի քանի դեպք են բացահայտել ու հայտնաբերել կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ մի քանի ահազանգ հնչեց։ Տեսախցիկների ուսումնասիրությամբ երևում էր, որ մի երիտասարդ գաղտնի հափշտակություններ է կատարում գեղեցկության սրահներից, սրճարաններից, «Հաղթանակ» զբոսայգում գտնվող տոմսարկղերից մեկից, նույնիսկ՝ սոցիալական ապահովության գրասենյակից։ Միայն մի դեպքով տուժողին պատճառվել էր 800․000 դրամի վնաս։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանության ու քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները համատեղ իրականացրին տարաբնույթ միջոցառումներ՝ կարճ ժամանակում պարզելով գողությունները կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։
Ոստիկանները երիտասարդին հայտնաբերեցին օգոստոսի 1-ին ու կասկածանքով բերման ենթարկեցին Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ձեռնոցներ, պտուտակահաններ, բանալի և այլն, որոնք առգրավվեցին՝ հետագա գործողությունների համար։ Բերման ենթարկվածը տվեց խոստովանական բացատրություն։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: