«Օպելի» վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի. նրանց հայրն ու հորեղբայրը վարորդին ծեծի են ենթարկել
Հունվարի 3-ին, ժամը 12.25-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 5 և 8 տարեկան երկու երեխայի։ Վթարի հետևանքով տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 15.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից «ճակատային շրջանի և դեմքի սալջարդ քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 31-ամյա տղամարդու, որը հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել վրաերթի ենթարկված երեխաների ծնողները:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ «Օպելի» վարորդին ծեծի են ենթարկել 39 և 40-ամյա տղամարդիկ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 17.00-ին նրանք ներկայացել են բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն, որ հարվածներ են հասցրել վարորդի մարմնին, ինչպես և կոտրել են «Օպելի» կողային հայելին ու ապակին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: